Վե՛րջ: Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան երկրորդ խաղն էլ է ավարտված, երկրորդ անհայտն էլ է հայտնի: Այսպիսով` մայիսի 18-ին Իսպանիայի թիվ մեկ քաղաքում, գավաթային թիվ մեկ խաղում միմյանց հետ կմրցեն մադրիդյան երկու թիմեր` «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Քանի որ մինչ այդ երկրի առաջնությունում էական փոփոխություններ, համոզված եմ, չեն լինի, հետևաբար այդ օրը գավաթը վիճարկողները բոլոր դեպքերում լինելու են Իսպանիայի առաջնության երկրորդ և երրորդ թիմերը: Այդ եզրափակիչում, այո, նորից կխոսվի ու հիմնովին կխոսվի «Բարսելոն»-«Ռեալ» կիսաեզրափակչի դրամատիկ երկու հանդիպումների մասին, կլինեն խոր ափսոսանքի լիքը նոստալգիկ շեշտադրումներ` փարիսեցիության ակնհայտ դրսևորումներով, զի եթե իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդները հանդիպեին եզրափակիչում, այնքան սպասված էլ կլասիկոները մեկով պակաս կլինեին: ՈՒրիշ շատ բաներ էլ մեկով ու մեկից անհամեմատ մեծ միավոր չափով պակաս կլինեին, սակայն եկեք վիճակագրական գործակալության գործառույթներ չվերցնենք մեր համեստ ուսերին:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ
Ֆուտբոլը պատկերավոր արտահայտությունների պակաս չունի: Դրանցից մեկը «կես գնդակի առավելություն» հասկացությունն է: Այն օգտագործվում է այն դեպքերի համար, երբ երկռաունդանոց հանդիպումներից առաջինում հյուրընկալվող կողմը 1:1 հաշվով է ավարտում խաղը: Ահա այս կես գնդակի առավելությամբ էր «Բարսելոնն» իր հարկի տակ ընդունել մադրիդյան կենաց-մահու պայքարի իր դարավոր հակառակորդին, թեպետ աշխարհում դժվար գտնվեր միամիտ մեկը, ով հավատար, որ «Նոու Կամպում» դարպասի նվազագույնը գոնե մեկ գրավում չի արձանագրվի:
Կիսաեզրափակիչ խաղի տրամաբանությունը հուշում էր, որ առնվազն այդ մեկով առանձնապես շահագրգռված էր «Ռեալը»: Հետևաբար, տրամաբանության բոլոր գործող ու չգործող կանոններով, հենց նա պիտի լիներ նախաձեռնողն ու նախահարձակը, թեպետ կատալոնյան ակումբի դեմ խաղում, հայտնի է, նման անմտությունները հակացուցված են: Հակացուցված են, թե ոչ, համենայն դեպս «Ռեալն» այդ տրամադրվածությամբ էր մտել խաղադաշտ, քանզի այդպիսին էր պահի հրամայականը: Երբ հանդիպման տասներեքերորդ րոպեին տուգանային հրապարակում իրեն գցելու համար տասնմեկմետրանոցը հաջողությամբ իրացրեց Ռոնալդուն, արդեն իսկ պարզ էր, որ խաղում այդ գոլին վիճակված չէր վերջինը լինելու: Դա, ինչպես ընդունված է ասել, ոզնուն էլ էր հայտնի, թեպետ հրաշալի գիտեք, որ ոզնուն գնդակ պետք չէ:
Ասել, թե «Բարսելոնն» այդ գոլից անակնկալի եկավ, միամտությունների շարքից է: Ճակատագրի բերումով արդեն քանի խաղ է ղեկակալի իրավունքով թիմը դաշտ դուրս բերող Ժորդի Ռոուրան հարկավ նման տարբերակ աչքի տակ ուներ, քանզի «Ռեալի» նման մրցակցի պարագայում պարզապես չէր կարող չունենալ: Հետևաբար, օրակարգի թիվ մեկ հարցը մնում էր` արդյո՞ք ուներ զարգացումներին հակազդելու իր պլանը:
Անկեղծ լինեմ` կատալոնյան ակումբի խաղերին, քանի դեռ այն գլխավորում էր Գվարդիոլան (իհարկե` սկսած որոշակի փուլից), ես մշտապես հետևել եմ ոչ թե բարձին թիկն տված, այլ միանգամայն սուլթանավարի: Ինչու սուլթանավարի՞: Ոչ նրա համար, որ չեմ հավատացել «Յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր Վաթեռլոոն» ճշմարտությանը: Քավ լիցի, ես այդքան էլ պարզունակ մարդ չեմ: Սակայն այն պահից, երբ թիմից հեռացավ Գվարդիոլան, «Բարսելոնի» մասնակցությամբ խաղերի իմ զուգընկերը գերազանցապես դարձավ բազկաթոռը: Երևի կռահում եք ինչու: Չեմ թաքցնում` մեջս ներքին մեծ անհանգստություն կա այն պատճառով, որ ոչ այնքան տեղատվություն է ապրել կատալոնյան ակումբի խաղի գեղագիտությունը, որքան փիլիսոփայությունն է դարձել անհամոզիչ:
Քանի որ ես իմ ընթերցողից թաքցնելու ոչինչ չունեմ, մի գաղտնիք էլ բացեմ: Հաճախ եմ սկսել ինքս ինձ բռնեցնել նրանում, որ ակումբի խաղերին սկսել եմ հետևել Մեսիի գոլ խփել-չխփելու համար, թեպետ շարունակում եմ մնալ Չավիի հավատավոր երկրպագուն, Ինիեստա-Պույոլ երկյակի տաղանդը գնահատողը:
Արդ` դավաճանությո՞ւն է արածս: Մի շտապեք եզրակացություններում և զենք հանելու պատրաստ ձեր վարժ շարժումներում էլ աշխատեք հնարավորինս լինել զուսպ ու հավասարակշռված: Ի վերջո հիշեք` անկեղծ ասած բանի համար շնորհք չէ մարդուն պատի տակ սվաղելը: Վերջապես մի մոռացեք, որ այդպես դուք կարող եք ինձ դարձնել հանրապետության նախագահի պոտենցիալ թեկնածու, որքան էլ որ, ի տարբերություն ոմն այրի, ես այդ մոլեռանդ ցանկությամբ չեմ տառապում: Ճիշտ հասկացեք, իմ մեջ ցավն է խոսում, որը, համոզված եմ, ձեր մեջ էլ է հասակ առնում:
Երկրորդ խաղակեսի տասներկուերորդ րոպեին Ռոնալդուի խփած երկրորդ գոլը, ըստ էության, կանխորոշեց խաղի ելքը: Այդ պահից սկսած «Բարսելոնի» համար ավարտվել էին աշխարհի բոլոր հեքիաթները: Ավարտվել էին ոչ նրա համար, որ թիմն ունակ չէր այդ գոլերին գոլերով պատասխանելու: Դա «Բարսելոնի» համար ասված ճշմարտություն չէ: Ավարտվել էր նրա համար, որ տղաներն արդեն չէին հավատում իրենց հաղթանակին:
Ֆուտբոլային հայտնի ճշմարտություն է` հաղթում է թիմը, պարտվում է մարզիչը: Սակայն եկեք առանձնապես չմեղադրենք Ռոուրային: Նա իր կամքով չէր դարձել զորահրամանատար: Պարզապես հանգամանքներն էին այդպես դասավորվել: Այլ խնդիր է, որ չկարողացավ տեր կանգնել ճակատագրի ընձեռած հնարավորությանը: Սակայն սա էլ առանձնապես մեղադրելի չէ, քանզի, եթե ծնված ես առավելագույնը լեյտենանտ լինելու համար, գեներալ չես կարող դառնալ, իսկ Վիլանովայի առողջական վիճակի ծանրանալն այս պահի համար ավելի քան անպատեհ էր (եկեք առողջություն մաղթենք նրան):
3։0 հաշվով պարտության պայմաններում Ժորդի Ալբայի հեղինակության գոլը կատալոնցիների համար թող որ թույլ սպեղանի էր, այնուամենայնիվ սպեղանի էր: «Բարսելոնը», այո, պարտվեց, սակայն այնպես էլ չէ, որ Մոուրինյոն կարող է ասել` գնացի, սրի քաշեցի, մարդաշունչ չկար: Հենց միայն այն, որ խաղային մի դրվագում վեց հոգով մի Մեսի էին փորձում վնասազերծել, արդեն իսկ շատ բաների մասին է խոսում ու շատ բաներում ստիպում է լեզուն ատամների հետևում պահել: Մոուրինյոն, այո, հաղթեց Ժորդի Ռոուրային: ՈՒ թեպետ հաղթանակը հաղթանակ է, արքայական գավաթի եզրափակիչում էլ «Ռեալն» է ու ոչ թե «Բարսելոնը», բոլորն էլ հասկանում են այս պարզ ճշմարտությունը: Եկեք այսքանով էլ ու հենց այստեղ ջուր քաշող այս խաղի առնչությամբ դնենք վերջակետ, զրույցը համարենք ավարտված: Կամ էլ` առկախված: Ընտրության հնարավորությունը թողնում եմ Ձեզ:
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՉԽԻԶԱԽԵԼ
Կիսաեզրափակչի երկրորդ խաղում Մադրիդի «Աթլետիկոն» Սևիլիայում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Գոլերի 2:2 հարաբերակցությունը ՈՒնայի Էմերիի թիմին սկզբունքորեն չէր կարող տալ ու չտվեց էլ ոչինչ, քանզի Մադրիդում պարտվել էր 2:1 հաշվով, իսկ սեփական դաշտում խաղացած ոչ-ոքին տպավորություն կարող է գործել միայն բանից անտեղյակների վրա այն պարզ պատճառով, որ խաղի հավասարությունը «Սևիլիան» կարողացել է ապահովել լոկ խաղավերջում, մինչդեռ Կոստայի խփած գոլից հետո երկու հանդիպման հաղթող ճանաչվելու համար նրանցից պահանջվում էր մադրիդցիներին հաղթել արդեն 4:1 հաշվով: Էլ չեմ ասում այն մասին, որ Ֆալկաոյի երկրորդ գոլը դարձավ հուղարկավորվողի «հանգստապահարանի» վերջնական զմռսումը:
Հետաքրքիր երկու վիճակագրություն: Եթե հիշում եք, մադրիդյան հանդիպման բոլոր երեք գոլերն էլ խփվել են տասնմեկմետրանոցներից, ինչն այնքան էլ հաճախ հանդիպող բան չէ, եթե չասենք բացառությունների կարգից է: Սևիլիայում կողմերը ցույց տվեցին, որ հավասարապես տիրապետում են բուն խաղում դարպաս գրավելու արվեստին: Ինչպես առաջին խաղում, երկրորդում էլ մրցակիցներն առանձնացան գերկոշտ խաղով: Հատկապես ջանադիր եղան անդալուզցիները, ովքեր երկու խաղի արդյունքում վաստակեցին չորս կարմիր քարտ: Իհարկե, սա էլ է նշանակում առանձնանալ, սակայն դրանից ուժերի հարաբերակցության մեջ, հասկանալի է, դրական առումով փոփոխություններ չեն մտնում:
Այս խաղի առնչությամբ մի դիտարկում էլ ու` վերջ: Փաստորեն, սևիլիացիների համար այս հանդիպումը հույսի վերջին հնարավորությունն էր մրցաշրջանը գոնե որոշակի դրական հաշվեկշռով փակելու համար: Ավաղ, այն չունեցավ ցանկալի ավարտ: Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյին», ապա, ի դեմս «Ռեալի», արքայական գավաթի եզրափակիչում ունի սարսափելի զորեղ մրցակից, ով չեմպիոնության հետ կապված հնարավորությունները բոլոր դեպքերում, կարծում եմ, սպառել է, հետևաբար ամբողջ զորությամբ շեշտադրվել է գավաթի ու Չեմպիոնների լիգայի խաղարկության վրա: Վերջինը «Ռեալի» համար հատկապես չափազանց ծանր է լինելու, քանզի մրցակիցներից ոչ մեկը կամավոր սկզբունքով հարսանեկան գիշերի գնալու պատրաստ հարսնացու չէ: Հետևաբար… Սակայն այս հետևաբարին հավասարապես հավակնում է և «Աթլետիկոն», ով ներքին առաջնությունում թեև առաջ է «Ռեալից», սակայն կայուն երաշխավորություն չունի այն երկրորդ տեղով ավարտելու հարցում, իսկ Եվրոպայի լիգայում դեռ բավականաչափ ջուր ունի մաղելու, ուստի ի՞նչ տրամաբանությամբ չպիտի փորձի խիզախել այնտեղ, որտեղ դրա գինը ոչ միայն զնգացող, այլև թնդացող կլինի: Մի խոսքով, արքայական գավաթի դերբին պակաս հետաքրքրություն չի ներկայացնելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ